ՈՒՐԲԱԹ, 20.10.2017, 09:14

Ողջունում ենք Ձեզ Հյուր | RSS


ԿԱՅՔԻ ՄԵՆՅՈՒ
ՄՈՒՏՔ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌՑԱՆՑ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 7
ՀՅՈՒՐԵՐ՝ 7
ՕԳՏԱՏԵՐԵՐ՝ 0
ՈՐՈՆԵԼ
ՀԻՄՆԱԿԱՆ ԷՋ » 2014 » ՄԱՐՏ » 20 » ՍԻՍԻԱՆԸ ՊԱՐՈՒՐՎԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՈԳՈՎ
21:34
ՍԻՍԻԱՆԸ ՊԱՐՈՒՐՎԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՈԳՈՎ
ՍԻՍԻԱՆՆ ԱԶԴԱՐԱՐՎԵՑ 2014Թ. ՀՀ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

ՍԻՍԻԱՆԸ ՊԱՐՈՒՐՎԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՈԳՈՎ...

Ներկայումս բազմաթիվ միջոցառումներ, ծրագրեր են իրագործվում, որոնք միտված են երիտասարդական մտքի խթանմանը, նրանց դեպի գեղեցիկ, պայծառ ու անհոգ ապագա ուղղորդմանը:
Անկախ տարածաշրջանից ու բնակության վայրից՝ երիտասարդներին միավորում են յուրօրինակ գաղափարները, միշտ դեպի լավը ձգտելու ցանկությունը: Եվ ահա այսօր սիսիանաբնակ երիտասարդների համար իսկական տոն էր: Դժվար է պատկերացնել, որ բնության այդ գողտրիկ ու փոքրիկ անկյունը կարող էր միավորել մեծաթիվ երիտասարդների:

 

Դահլիճը լեփ-լեցուն էր. ջերմ մթնոլորտ, ժպիտներ, բարձր տրամադրություն: Ներկաներն անհամբերությամբ սպասում էին իրենց քաղաքը ՀՀ 2014թ. երիտասարդական մայրաքաղաք հռչակելու արարողության պաշտոնական բացմանը: Որքան էլ փորձեմ տեսածս թղթին հանձնել, միեւնույնն է, հնարավոր չէ լիարժեք նկարագրել երիտասարդների աչքերի փայլը, նրանց ուրախությունը, սրտի թրթիռը… Րոպեներ անց այս փոքրիկ քաղաքը դառնալու է երիտասարդական հզոր կենտրոն, որտեղ մեկ տարվա ընթացքում պարբերաբար պետք է հավաքվեն բազմաթիվ երիտասարդներ ինչպես Հայաստանի տարբեր մարզերից, այնպես էլ արտերկրից:
Վերջապես մեկնարկում է միջոցառման պաշտոնական բացումը: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, պաշտոնական խոսքի փոխարեն, գերադասեց իր սրտի խոսքն ասել՝ ուղղված ինչպես սիսիանցի, այնպես էլ հանրապետությունում բնակվող երիտասարդներին:
«Առաջիկա մեկ տարվա ընթացքում Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը պարտավորվել է ներհանրապետական եւ միջազգային բոլոր հնարավոր ծրագրերը կազմակերպել Սիսիան քաղաքում: Վստահ եմ, որ Սյունյաց աշխարհում իրականացվելիք այս ծրագիրը ծառայելու է իր նպատակին»,- նշեց պարոն Քարամյանը:
Ելույթ ունեցան նաեւ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը եւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ովքեր նույնպես բարձր գնահատեցին Սիսիանը երիտասարդական մայրաքաղաք հռչակելու գաղափարը, իրականացվելիք ծրագրերը, իսկ երիտասարդներին մաղթեցին նորանոր հաջողություններ:


Ելույթներից հետո ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը պարոն Հակոբջանյանին հանձնեց խորհրդանշական բանալին ու հավաստագիրը՝ Սիսիանն ազդարարելով ՀՀ 2014թ. երիտասարդական մայրաքաղաք:
Միջոցառման երկրորդ մասում ելույթ ունեցան Երեւանից ժամանած երգիչ-երգչուհիները, ինչպես նաեւ Սիսիանում գործող երգի եւ պարի համույթները, որոնք օրն իսկական տոնի վերածեցին:
«Երիտասարդը կյանքը շարունակողն է: Ես երիտասարդ չեմ, բայց կարծում եմ, որ երիտասարդի ավյունը տարիք չունի: Միշտ կլինեմ նրանց կողքին: Յուրաքանչյուր օր աշխարհում արթնանում են միլիոնավոր մարդիկ. լվացվում են, նախաճաշում, անցնում իրենց գործերին: Իսկ արդյոք նրանցից քանի՞սը գիտի՝ ապրելու համար ինչ է իրեն անհրաժեշտ: Շատ կարեւոր է, որ մարդը բովանդակալից դարձնի իր ժամանակը: Ցանկանում եմ, որ յուրաքանչյուր երիտասարդ հասկանա ժամանակի կարեւորությունն ու պարզապես ապրի…»,- իր ելույթում նշեց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, ով հատուկ այս միջոցառման համար երիտասարդներին ձոներգ էր նվիրել:
Երգչուհի Սոֆի Մխեյանը նույնպես շատ բարձր գնահատեց նախաձեռնությունը՝ հույս հայտնելով, որ երիտասարդները կդառնան առավել նախաձեռնող, ակտիվ ու միասնական:

 

Հավելենք, որ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում կայացավ «2014 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի ամփոփիչ բաց նիստը, որտեղ փորձագիտական գնահատման եւ առցանց քվեարկության արդյունքների համաձայն՝ «2014 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթում հաղթող ճանաչվեց Սիսիանը:
Փորձագետ Լևոն Իգիթյանի խոսքերով՝ մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել Սիսիան ու Էջմիածին քաղաքները: Էջմիածնին ձայն էին տվել 8416, իսկ Սիսիանի օգտին` 9246 մարդ: «Շատ տպավորված եմ կազմակերպված միջոցառումից եւ վստահաբար կարող եմ ասել, որ ընտրությունը միանգամայն ճիշտ էր»,- հավելեց Լևոնը:
Յուրաքանչյուր համայնքում, որտեղ երիտասարդությանը եւ երիտասարդական խնդիրներին առավել մեծ ուշադրություն է դարձվում, այդ համայնքը, անկախ բնակչության տարիքային կազմից, միշտ երիտասարդ է մնում: Սպասենք առաջիկա ծրագրերին ու միջոցառումներին, որոնք պետք է երիտասարդացնեն ու նոր շունչ հաղորդեն Սիսիան համայնքին:

Նյութը՝ Լիլիթ Սեդրակյանի,

Լուսանկարները`  www.erit.am

Աղբյուրը` www.erit.am

Դիտումներ: 714 | Ավելացրեց: Ադմինիստրատոր | Թեգեր: ՍԻՍԻԱՆ, 2014Թ. ՀՀ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ | Վարկանիշ: 5.0/10
Ընդամենը մեկնաբանություններ: 0
Մեկնաբանություններ կարող են ավելացնել միայն գրանցված Օգտատերերը
[ ԳՐԱՆՑՈՒՄ | ՄՈՒՏՔ ]

ԺԱՄԱՆՑ




ՕՐԱՑՈՒՅՑ
«  ՄԱՐՏ 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇաբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
ԱՐԽԻՎ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ © 2017 Яндекс.Метрика